Փորձելով ճեղքել շրջափակումը. փորձելու հերթը Փաշինյանինն է

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնում նշանակվելու հաջորդ իսկ օրը՝ հունվարի 15-ին, մեկնել է հարևան Վրաստան: Համաձայն տարածված պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների վարչապետների հանդիպումը Բոլնիսում կրել է ոչ ֆորմալ բնույթ, որի ընթացքում, սակայն, Փաշինյանն ու Բախտաձեն մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Այս սակավ տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ, որովհետև պարզից էլ պարզ է, որ 2 երկրների ղեկավարները մի շարք հարցերի շուրջ պարզապես զրուցելու համար այդքան ժամանակ չէին կորցնի և ճանապարհ չէին անցնի, ուրեմն քննարկման օրակարգում եղել է նաև կարևոր առնվազն մեկ հարց, որը պահանջել է «դեմ առ դեմ» ձևաչափով հանդիպում և քննարկում, և այն էլ՝ նման հրատապ ռեժիմով:

Ո՞րն է օրակարգային ամենահրատապ հարցը: Հայ-վրացական օրակարգը մշտապես եղել է հագեցած և բազմավեկտոր, սակայն օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են աշխատանքային ռեժիմով, և ցայտնոտային իրավիճակներ, որպես այդպիսին, չեն առաջացել: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն էր այն հրատապ հարցը, որ ստիպել է Փաշինյանին, անտեսելով անգամ Վրաստանում խոզագրիպի համաճարակը, մեկնել այնտեղ և առանձնազրույց ունենալ վրաց գործընկերոջ հետ:

Տարբերակներն այնքան էլ շատ չեն, և դրանց թվում առանձնանում է վրաց-աբխազական սահմանի հնարավոր բացումը և Ռուսաստան-Հաաստան նոր ճանապարհային կապի հաստատումը: Այս թեման վերջին օրերին քննարկվում է՝ ինչպես հայկական, այնպես էլ՝ վրացական մամուլում, և շատ հնարավոր է, որ հենց դա է հանդիպման հիմնական պատճառը: Այն, որ աբխազական սահմանի բացումն առանցքային նշանակություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, թերևս, վեր է կասկածից:

Դրա կարևորության մասին խոսել ենք դեռևս Տնտեսական անվտանգության խորագրով շարքի տրանսպորտային անվտանգության վերաբերյալ ակնարկում: Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ այդ սահմանի բացմամբ կվերականգնվի նաև երկաթուղային կապը Ռուսաստանի հետ, ինչի տնտեսական էֆեկտը միանգամից կզգացվի մեր տնտեսության վրա: Դրա առավել վառ օրինակը հացահատիկի ներմուծման խնդիրն է, քանի որ մյուս տարվա հունվարի 1-ից Վրաստանն արգելելու է ավտոմոբիլային տրանսպորտով հացահատիկի տարանցումն իր տարածքով, և ամբողջ հույսը մնալու է երկաթուղու վրա: Իսկ քանի դեռ փակ է սահմանը, Հայաստան եկող հացահատիկը ստիպված է լինելու շրջանցել փակ սահմանը ծովային ճանապարհով, ինչը, բնականաբար, կհանգեցնի ներկրվող հացահատիկի ինքնարժեքի և հետագա մթերքի գների բարձրացման: Ամենայն հավանականությամբ, այս ամենը քաջ գիտակցելով՝ Փաշինյանը որոշել է բաց չթողնել ստեղծված հնարավորությունը և, այսպես ասած՝ իր փորձն անել խնդիրը կարգավորելու համար:

Ինչո՞ւ ոչ ֆորմալ հանդիպում: Առաջին հայացքից թվում է, թե հարցը սովորական օրակարգային հարց է, և կարելի էր քննարկել և պայմանավորվել նաև հեռախոսով: Այդ դեպքում ո՞րն է նման հրատապության և ոչ ֆորմալ հանդիպման պատճառը: Վերջինս, թերևս, պետք է փնտրել քաղաքական վերջին զարգացումների մեջ: Բանն այն է, որ թե Հայաստանում, և թե Վրաստանում իշխանությունները համեմատաբար նոր են, և այդ պարագայում շատ ավելի հեշտ է փոխադարձ տպավորություն ստեղծել, և դեմ առ դեմ երկխոսությամբ որոշակի հաջողություններ արձանագրել: Հավանաբար հենց այդ հաջողակ երկխոսության ակնկալիքով էլ Փաշինյանը հապճեպ մեկնել է Վրաստան՝ նպատակ ունենալով երկխոսության արդյունքում գոնե նախնական, այսպես կոչված, «ընկերական համաձայնության» գալ Բախտաձեի հետ, և այդ համաձայնությունն օգտագործել՝ որպես հետագա բանակցությունների պլացդարմ:

Սահմանը բացելու նախկին փորձերը: Տարանցման այդ ճանապարհի կարևորությունը գիտակցել են բոլորը, և Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավար անձը չէ, որ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Այդ ուղղությամբ փորձեր եղել են՝ սկսած Վազգեն Սարգսյանից, որի՝ Շևարդնաձեի հետ բանակցությունների վերաբերյալ կան տարբեր փաստարկներ, շարունակվել են այդ բանակցությունները նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Խնդրի հանգուցալուծմանը մոտ արդյունք է արձանագրվել նաև Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում, սակայն մինչ այս կայացած բոլոր բանակցությունների և քննարկումների արդյունքում դրական արդյունքի հասնել չի հաջողվել: Հիմա փորձելու հերթը Նիկոլ Փաշինյանինն է:

Ի՞նչն է խանգարում: Եթե տնտեսական առումով սահմանի բացման և բեռների տարանցման համար խանգարող որևէ հանգամանք չկա, ապա քաղաքական մակարդակում խնդիրները բազմաթիվ են: Նախ և առաջ վրաց-աբխազական լարված հարաբերությունները և դրա վրա ռուսական գործոնի ազդեցությունը ստիպում են տարիներ առաջ հակամարտող կողմերին պահպանել խիստ սահմանային ռեժիմը, հատկապես, որ այդ փակ սահմանն ըստ էության ոչ Ռուսաստանի, և ոչ էլ Վրաստանի համար որևէ առանցքային նշանակություն չունի, ուստի կողմերը չեն շտապում այդ հարցում լուծում որոնելու համար:

Ազդող հաջորդ հիմնական գործոնն ադրբեջանական ազդեցությունն է: Վերջիններս Վրաստանի հետ ունենալով շատ ջերմ հարաբերություններ, անում են ամեն բան Հայաստանի վրա տնտեսական ճնշումները պահելու համար և եղբայրական Թուրքիայի հետ սկսած տարածքային շրջափակումը խորացնելու համար: Արդյունքում, իրենց քաղաքականության առանցքային շեշտադրումներից մեկն էլ համարում են հենց այդ սահմանի փակ լինելը, իսկ վրացիներն էլ իրենց հերթին՝ չեն ցանկանում եղբայրական Ադրբեջանին վատություն անելու գնով լավություն անել Հայաստանին: Հենց այս հանգամանքն է նաև, որ Վրաստանում նոր իշխանության միջոցով կարելի է քայլ առաջ կատարել, քանի որ նոր իշխանությունն առավել ազատական մոտեցումներ ունի, դրանից բացի, նախկին իշխանությունների պայմանավորվածություններն այլևս չկան, իսկ նորերը դեռևս չեն հասցրել պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ, և հենց սրանով է պայմանավորված Փաշինյանի շտապողականությունը:

Անիրական երազա՞նք, թե՞ պատմական հնարավորություն: Խոսելով առաջիկայում սահմանի հնարավոր բացման մասին, պետք է արձանագրենք, որ, եթե նախկինում դա անիրական երազանքի էր նմանվում, ապա այսօր, առավել քան երբևէ, ստեղծվել է պատմական բացառիկ հնարավորություն խնդրի լուծման համար: Բանն այն է, որ վրացական նոր իշխանությունը նախնական համաձայնության է եկել աբխազական կողմի հետ երկկողմանի համաձայնագիր կնքելու և ապրանքաշրջանառությունը վերականգնելու մասին:

Այս պարագայում հայկական կողմին մնում է միայն մեկ քայլ՝ անել ամեն ինչ, որպեսզի այդ ապրանքաշրջանառությունը տրանսպորտային եղանակով իրականացնելուց բացի՝ իրականացվի նաև երկաթուղով, և այդ պարագայում այլևս ոչ մի խոչընդոտ մեր բեռների համար չի լինի: Հուսանք, որ տարածաշրջանային քաղաքական այս զարգացումներից ՀՀ նոր իշխանությունը կկարողանա դրական արդյունքներ արձանագրել՝ ճեղքելով շուրջ 3 տասնամյակ տևած շրջափակման օղակը:

Հայկ Բեջանյան

168.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal