«Եթե ես թույլ եմ տվել նման արտահայտություն, պատրաստ եմ և՛ պատասխանատվություն կրել, և՛ ներողություն խնդրել, բայց ես ներողություն չեմ խնդրի մի բառի համար, որը չեմ արտասանել: Ես ակնկալում եմ, որ թյուրիմացության համար ինձ կասեն՝ կներեք»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք՝ դատական նախորդ նիստից հետո ցուցարարները բացատրություն էին պահանջում պաշտպանից՝ հայտարարելով, որ նա իրենց «թափթփուկ» է անվանել:
Նշենք, որ այս պահին Վերաքննիչ դատարանի մոտ են նաև Փաստաբանների պալատի ղեկավարությունն ու փաստաբանները: Թե ինչով է պայմանավորված վերջինների ներկայությունն այդտեղ, Արսեն Մկրտչյանն ասաց. «Բացի ֆիզիկական անվտանգությունից, որը ոստիկանությունը պատշաճ իրականացնում է, ունենք չթիրախավորվելու խնդիր և այդ պատճառով Փաստաբանների պալատի ղեկավարությունն այստեղ է»,- նշեց Մկրտչյանը:
«Այն մարդիկ, որոնք թքել են այդ մեքենայի վրա, ուզում եմ իմանան, որ իմ սեփականությունը չէ: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե մի անձի պաշտպանում եմ՝ անկախ նրանից, թե ոնց են վերաբերվում այդ անձին, փաստաբանին, դատավորին, դատախազին չի կարելի թիրախավորել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մարդկանց գործով պետք է զբաղվի արդարադատությունը: