3 հնարք օգտագործվող աղի ու շաքարավազի քանակությունը նվազեցնելու համար

Շաքարավազն ու աղը դասվում են սննդամթերքի ամենավտանգավոր տեսակների շարքին, սակայն շատերը շարունակում են չարաշահել դրանք՝ առանց անգամ գիտակցելու, թե ինչ վնաս կարող են դրանով հասցնել իրենց օրգանիզմին:

Բժիշկ Դարյա Լոնգ Գիլեսպիի խոսքով՝ մարդիկ յուրահատուկ զգայունություն ունեն շաքարի, աղի ու յուղի համի նկատմամբ, ինչը պայմանավորված է էվոլյուցիայով: Բանն այն է, որ մարդու նախնիներին այս տարրերը հարկավոր էին գոյատևման համար, և եթե հաշվի առնենք, որ գլխուղեղի՝ կամքի ուժը կարգավորող հատվածը համեմատաբար երիտասարդ է, ապա զարմանալի չէ, որ որևէ համեղ բան ուտելու ցանկությանը մարդը դժվարությամբ է դիմակայում:

Սակայն այնուամենայնիվ կան հնարքներ, որոնք օգնում են դիմակայել այդ ցանկությանն ու նվազեցնել օգտագործվող աղի ու շաքարավազի քանակությունը, և մասնագետը նշել է դրանցից ամենաարդյունավետները: Նրա խորհուրդները հրապարակել է CNN-ը:

1.      Խուսափել թաքնված շաքարից

Մասնագետը պնդում է, որ թաքնված շաքարի գործածությունը վերահսկելը շատ արդյունավետ միջոց է քաղցրի նկատմամբ կախվածությունից ազատվելու համար: Երբ մարդը նվազեցնում է թաքնված շաքարի քանակությունը, նրա օրգանիզմը ժամանակի ընթացքում ավելի զգայուն է դառնում քաղցրի նկատմամբ և արդյունքում օրգանիզմի պահանջը բավարարելու համար ավելի քիչ շաքարի կարիք է ունենում:

Թաքնված շաքարը պարունակվում է սոուսների, հյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի նախաճաշերի, պահածոների և նմանատիպ այլ մթերքի մեջ:

2.      Նախապատվությունը տալ փոքր փաթեթներին

Սննդաբանները խորհուրդ չեն տալիս քաղցրավենիքը մեծ փաթեթներով գնել: Եթե սնունդը հասանելի վայրում չէ, ապա գլխուղեղը չի պահանջում այն և բավարարվում է փոքր չափաբաժնով, սակայն եթե այն հասանելի է, ապա մարդը կարող է չարաշահել այն՝ առանց գիտակցելու դա:

3.      Նոր համեր գտնել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աստիճանաբար այլընտրանքային սննդակարգին անցնելը նվազեցնում է սիրելի վնասակար մթերքն ուտելու ցանկությունը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սովորել նոր համեր օգտագործել:

Օրինակ՝ թթու բանջարեղենի փոխարեն կարելի է մարինացված օգտագործել, իսկ քաղցրավենիքը փոխարինել հատապտուղներով, մրգերով ու չրերով:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées