Մերիլենդի «Uniformed Services University» համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են սուրճի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և պարզել, որ այն առավել օգտակար է առավոտյան 9:30-11:30-ն ընկած ժամանակահատվածում խմելու դեպքում:
«Սուրճն օրգանիզմի համար առավել օգտակար է առավոտյան 9:30-11:30-ն ընկած ժամանակահատվածում: Սուրճն ըմպելու համար ամենաարդյունավետ ժամն առավոտյան 10:30-ն է», – նշում են գիտնականները:
Նախագծի ղեկավար, պրոֆեսոր Սթիվեն Միլլերի խոսքով՝ սուրճը հարկավոր է օգտագործել այն ժամանակ, երբ օրգանիզմում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը հասել է իր առավելագույն ցուցանիշին, իսկ դա լինում է արթնանալուց քիչ անց (խոսքն առավոտյան 7-ին արթնանալու մասին է): Արթնանալուց հետո կորտիզոլի մակարդակը շարունակում է բարձրանալ ևս 1-2 ժամ, որից հետո սկսում է նվազել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ժամը 9:30-11:30-ն ընկած ժամանակահատվածում, երբ կորտիզոլի մակարդակը շարունակում է նվազել, կոֆեինի ընդունումը խթանում է այդ հորմոնի մակարդակի հետագա բարձրացումը, ինչն օգնում է պահպանել առույգությունն ու էներգիա է հաղորդում:
«Երբ արյան մեջ կորտիզոլի մակարդակը բարձր է լինում, կոֆինինի նկատմամբ զգայունությունը բթանում է, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կոֆեինի նկատմամբ հանդուրժողականության զարգացման: Օրգանիզմը պարզապես կսովորի և կդադարի արձագանքել սուրճի ընդունմանը», – պարզաբանում է պրոֆեսոր Միլլերը:
Նրա խոսքով՝ կորտիզոլի մակարդակը տատանվում է օրվա ընթացքում մի քանի անգամ, ուստի քնկոտությունից խուսափելու համար սուրճը կարելի է ըմպել նաև ժամը 13:30-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում: