Ոչ թե ճանապարհը պատրաստեք երեխայի համար, այլ երեխային պատրաստեք ճանապարհ անցնելուն

Անցած շաբաթ ԱՄՆ կրթական համակարգում սկանդալային բացահայտում եղավ։ Պարզվեց, որ մի շարք մեծահարուստներ, այդ թվում՝ հայտնի դերասանուհիներ Ֆելիսիթի Հաֆմանը և Լորի Լաֆլինը, իրենց երեխաներին կոռուպցիոն եղանակներով ընդունել են երկրի հայտնի համալսարաններ։ Սկանդալի կենտրոնում հայտնված համալսարանների ցանկում են Յելի, Սթենֆորդի, Հարավային Կալիֆոռնիայի, Ջորջթաունի համալսարանները։

Օգտագործվել են կոռուպցիոն տարբեր սխեմաներ՝ սկսած քննությունների ժամանակ աջակցելուց՝ մինչև երեխաներին որպես ուժեղ մարզիկ ներկայացնելու միջոցով համալսարան ընդունելը։ Մասնավորապես, մարզական ակումբներից կեղծ տեղեկանքներ են վերցվել այդ երեխաների համար, Ֆոտոշոփի միջոցով նաև կեղծ լուսանկարներ են ստեղծվել, որոնցում երեխան ներկայացվել է ակումբի մարզահագուստով։

Իհարկե, Հայաստանում նմանատիպ երևույթները զարմանք չեն առաջացնում, քանի որ մենք սովոր ենք, որ հարուստ ծնողները հնարավոր ամեն ինչ անում են իրենց երեխային «առաջ մղելու» համար։ Հետաքրքիր է, որ այս սկանդալի համատեքստում ԱՄՆ-ի մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներ են ընթանում ծնողավարության վերաբերյալ։

Խնդիրն արդիական է նաև Հայաստանում։ Մի քանի տարի առաջ Հայաստանում անցկացված կոնֆերանսներից մեկի ժամանակ ներկայացնում էի Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթության խնդիրները։ Ընդմիջմանն ինձ մոտեցավ բրիտանացի մի փորձագետ և հետաքրքրվեց՝ արդյո՞ք, Հայաստանում ուսումնասիրում են հարուստ ընտանիքների երեխաների խնդիրները։

Ըստ բրիտանացի փորձագետի, առաջին հայացքից թվում է, թե մեծահարուստ ընտանիքներում ապրող երեխաներն առանձնապես խնդիրներ չունեն, քանի որ հաճախում են լավագույն դպրոցները, արվեստի և սպորտային խմբակները, ունեն ճանապարհորդելու հնարավորություններ և բազմաթիվ այլ հնարավորություններ։

Բայց իրականում այս երեխաները զրկված են ազատ ժամանակից, չունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություններ։ Ամեն ինչով ապահովված լինելու պատճառով՝ նրանց մոտ առանձնապես ձգտումներ էլ չկան։ Բայց գլխավորն այն է, որ այս երեխաները գրեթե չեն ձախողվում։ Նրանք միշտ ստանում են իրենց ուզածը, ինչը խանգարում է, որպեսզի նորմալ հասունանան։

ԱՄՆ-ում բացահայտված այս սկանդալից հետո տարածում ստացավ մեծահարուստ ծնողներին ձյուն մաքրող մեքենայի հետ համեմատելը։ Այս ծնողները նման են ձյուն մաքրող այն մեքենային, որը գնում է դիմացից և վերացնում է առկա բոլոր խոչընդոտները։ Արդյունքում, երեխան իր ճանապարհն անցնում է առանց խոչընդոտների ու դժվարությունների հանդիպելու։

Շատ մասնագետներ համարում են, որ այս ձևով ծնողները երեխայից խլում են հասունանալու հնարավորությունը, քանի որ դժվարություններն ու ձախողումներն են մարդուն կոփում՝ նրան դարձնելով տոկուն։ Ամերիկացի մասնագետներից մեկը շատ կարևոր խորհուրդ է տալիս երեխայի բոլոր հարցերը լուծող ծնողներին. «Ոչ թե ճանապարհը պատրաստեք երեխայի համար, այլ երեխային պատրաստեք ճանապարհ անցնելուն»։

Վերջերս ծնողավարության խնդիրները մասնագիտական լուրջ ուշադրության են արժանանում։ Համարվում է, որ աշխարհի ամենաերջանիկ երեխաներն ապրում են Նիդեռլանդներում։

Ընդ որում, այս երկրում ծնողները երեխաներին տալիս են մեծ ազատություններ, առանձնապես չեն խառնվում նրանց կյանքին, հանգիստ են վերաբերվում երեխաների ձախողումներին։ Փոխարենը՝ այս երկրում ծնողները զգալի ժամանակ են անցկացնում երեխաների հետ։ Շքեղ ծննդյան տարեդարձեր չեն անում։

Ծննդյան տարեդարձին միջինում ծնողները երեխաներին նվիրում են 10-15 եվրո արժողությամբ նվերներ։ Հաճախ երեխաների համար գնում են օգտագործված խաղալիքներ։ Փոխարենը՝ հանգստյան օրերին ծնողները երեխաների հետ վրաններով մեկնում են արշավների։ Թվում է, թե նման մոտեցման արդյունքում այս երկրի երեխաները պետք է լինեին կատարյալ ձախողակներ։ Բայց այդպես չէ։ Նիդեռլանդներն ունի աշխարհի լավագույն կրթական համակարգերից մեկը։ Զարգացած է նաև գիտությունը։ Նոբելյան մրցանակակիրներից 21-ը Նիդեռլանդներից են։

Եթե Հայաստանում ծնողները նման մոտեցում ցուցաբերեն երեխաներին, դժվար է ասել՝ որքանո՞վ այն արդարացված կլինի։ Վերջերս երկու տնտեսագետներ շատ հետաքրքիր վարկած առաջադրեցին ծնողավարության մասին։ Նրանց կարծիքով՝ ծնողավարությունը երկրի տնտեսական վիճակի հետևանք է։ Օրինակ՝ Նիդեռլանդների, Դանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի ծնողների մոտ գերակշռող լիբերալ ծնողավարության պատճառն այն է, որ ծնողները վստահում են երկրի կրթական և տնտեսական համակարգերին։ Նրանք վստահ են, որ պետությունն իրենց երեխաների համար կապահովի պատշաճ կրթական ծառայություններ, որից հետո նրանք հեշտությամբ կգտնեն իրենց տեղն աշխատաշուկայում։

Հետևաբար՝ ծնողները հակված չեն կաշառելու ուսուցիչներին, դասախոսներին և մյուսներին՝ իրենց երեխաներին առաջ մղելու համար։ Մինչդեռ այն երկրները, որոնցում կան մեծ անհավասարություններ, ծնողները հակված են ավելի կոշտ վերահսկելու իրենց երեխաներին կամ դիմելու կոռուպցիոն միջոցների՝ նրանց առաջընթացն ապահովելու համար։

Օրինակ՝ քանի որ Հայաստանի կրթական համակարգը լավ չէ, իսկ հասարակությունն էլ անհավասար է զարգացած, ապա ծնողները փորձում են իրենց երեխաներին լրացուցիչ պարապմունքներով ծանրաբեռնելով, առօրյան խիստ վերահսկելով, բարեխոսելով՝ առաջ մղել։ Ի տարբերություն հավասարաչափ զարգացած երկրների, անհավասարաչափ զարգացած երկրներում ծնողները գիտեն, որ «տեր» ունենալը շատ մեծ դեր է խաղում։

https://168.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées