«Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին նորից ամուսնանում ենք». Դավիթ Գրիգորյանի ամանորյա ֆոտոշարքն ու ընտանեկան ավանդույթը

2018-ը դերասան, հեռուստամեկնաբան Դավիթ Գրիգորյանի համար երջանիկ ու հիշարժան էր: Նրա ընտանիքն համալրվեց միանգամից երկու փոքրիկով: Զույգ դստրերի ծնունդը Դավթի ու կնոջ՝ Մանուշակի համատեղ կյանքին նոր գույն ու իմաստ հաղորդեց: Այս Ամանորին էլ զույգը յուրահատուկ ոգևորությամբ է պատրաստվում:

Tert.am Life-ը Դավթի ընտանիքի հետ ամանորյա ֆոտոշարք է իրականացրել ու տոնական զրույց ունեցել Դավթի հետ։ 

Չորս ու կես ամսական Սիենան ու Լունան նկարահանման ընթացքում լաց էին լինում միմյանց հերթ տալով, բայց անհրաժեշտ պահին մեծի պես լռում ու նայում էին ֆոտոխցիկին: Ծնողները կեսկատակ նկատեցին, որ  բարի նպատակի համար են «տանջում» երեխաներին: Կմեծանան ու հետաքրքրությամբ կթերթեն ընտանեկան ալբոմում տեղ գտած գեղեցիկ ֆոտոշարքը:

Դավիթը փաստեց՝ փոքրիկները տարբեր են ոչ միայն արտաքնապես, այլև իրենց խառնվածքով: «Սիենայի զուսպ է, լուռ ու համբերատար։ Ապագա դիվանագետ է ու իրեն պահում է համապատասխան: Լունան արգելակներ չունի։ Պահանջում ու ստանում է այն, ինչ սիրտն ուզի ամենապարզ ճանապարհով`լացով։ Կփոխվեն դեռ։ Կփոխենք:)»,- ժպիտով նկատեց հայրիկը:

Ծնողները փոքրիկներին հստակ տարբերակում են, թեև զավեշտալի իրավիճակում Դավիթը հասցրել է հայտնվել. «Եղել է, երբ Լունային երկրորդ անգամ եմ փորձել կերակրել՝ մտածելով, որ Սիենան է։ Զարմացել ու զայրացել եմ, թե ինչու չի ուտում ու միայն հետո եմ գլխի ընկել, որ ձեռքիս Լունան է։ Խառն է, մի խոսքով, ամեն ինչ շատ խառն է:)»։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Դավիթը նշել էր, որ Սիենան ու Լունան այնքան փխրուն են, որ գրկելիս վախենում է՝ հանկարծ չվնասի:

Փորձեցինք հասկանալ, արդյոք վախն հաղթահարվա՞ծ է. «Հաղթահարե՞լ։ Էդ դեռ թեթև է ասված։ Հիմա ճտերիս գզում եմ»:

Դավիթը նշեց, որ երեխաների խնամքի հարցում օգնում է կնոջն ու հավասարապես կիսում հաճելի հոգսը: «Այլ կերպ ուղղակի անհնար է։ Ամեն ինչ միասին ենք անում։ Նրանց խնամելիս ես ուղղակի խաղաղություն եմ զգում։ Պաշտում եմ աղջիկներիս լողացնել։ Նրանք արդեն հասկանում են ջրում լինելու հաճույքը։ Ժպտում են, ուրախանում։ Ճիշտ է, հետո այնպես են սովածանում ու բարձր լալիս, որ երազանքս է դառնում նրանց արագ քնեցնելը։ Նրանց խնամելը ներդաշնակության աղբյուր է իմ ու կնոջս համար»։

Նախատոնական այս օրերին Դավթի ընտանիքում նույնպես հաճելի եռուզեռ է: Նրա խոսքով, նախորդ տարիներն Մանուշակի հետ Ամանորը դիմավորել են արտերկրում: Դա զույգի համար նույնիսկ ավանդույթի ուժ էր ստացել, բայց այս տարի որոշել են փոքրիկների հետ  Նոր տարին դիմավորել իրենց նոր տանը՝ ընտանեկան միջավայրում:Реклама 34

«Մենք այլևս անկախ ապրող զույգ չենք։ Մեր կյանքի վեկտորը փոխել է իր ուղղությունը։ Նոր տարում էլ մեր առաջնահերթությունը  մենք չենք լինելու, այլ մեր բալիկները։ Նրանք են լինելու հաջորդ ու դրան հաջորդող բոլոր տարիների կարևորը։ Այս Նոր տարին մենք դիմավորելու ենք մեր նոր տանը, որտեղ ես հավաքեցի մեր նոր տոնածառն ու առաջին անգամ լիակատար ընտանիքով կանգնեցի դրա կողքին՝ երազանք պահելու։ Հիմա մտքումս պահած յուրաքանչյուր բան ուղիղ կապված է նրանց հետ»,-ասաց երջանիկ հայրիկը:

Ընտանեկան մեկ այլ ավանդույթ զույգն այս տարի չի խախտի, ավելին՝ կիրականացնի յուրահատուկ ձևով՝ արդեն փոքրիկների ներկայությամբ: «Ամանորյա շքեղ ավանդույթ ունենք։ Ամեն տարի, դեկտեմբերի 31-ի ուղիղ կեսգիշերին մենք ամուսնանում ենք։ Ես մի կնոջ` Մանուլիս հետ, ամուսնացել եմ արդեն երեք անգամ։ Այս տարին ամենահիշվողն ու յուրօրինակն է լինելու, որովհետև, երբ ծնկի գամ կնոջս առաջ ու մատանիների տուփը բացեմ, իմ գրկում մի աղջնակս կլինի, կնոջս գրկում՝ մյուսը։  Դրա մասին խոսելիս անգամ ժպիտ է հայտնվում դեմքիս»,-ասաց Դավիթը:

Ամփոփելով ավարտվող տարին՝ Դավիթն այն որակեց ֆանտաստիկ, էքսպերիմենտալ, ակտիվ ու անքուն, միաժամանակ երջանիկ և հիշվող։ «2018-ին` 27 տարեկանում ես ընկալեցի ամենաթանկը՝ կյանք տալու հրաշքը։ Նոր տարում ես էլ չեմ լինի հնի պես զուսպ։ 2019-ը ագրեսիվ հաջողությունների, ամբիցիոզ ծրագրերի ու մեծ ակնկալիքների, հստակ ձեռքբերումների տարի է լինելու,- ասաց նա և ավելացրեց գալիք տարվանից ոչ թե ակնկալիքներ կան, այլ հստակ նպատակներ,-  Ակնկալելը սպասողների մենաշնորհն է, ես նպատակներ ունեմ։ Իսկ որպես ցանկություն՝ խաղաղությունն է։ Խաղաղ տունը, երկիրը, աշխարհը՝ երջանկության միակ երաշխիքն է»։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Նկարահանումն իրականացվել է Seducation photoroօm-ում

Անահիտ Հակոբյան

life.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées