Ամեն ինչ մարդու ձեռքերում է, և ամեն ոք ինքն է որոշում, թե ինչին հավատալ

«Սև կատուն դիմացովս անցավ, վատ օր եմ ունենալու», «Աղ թափվեց,կռիվ է սպասվում», «Երեխային գիշերը տանից հանելու դեպքում, պետք է ծոցը հաց դնել, որ չվախենա», «Սիրահարները ձեռք ձեռքի եկեղեցի մտնելու դեպքում, կբաժանվեն», «Ուրբաթ 13-ը՝ անհաջողությունների օր», «Մայիս ամսին չեն ամուսնանում», «Դրամապանակը պետք է կարմիր լինի», «Շորը հագին չեն կարում», «Թոնրից հանած առաջին լավաշը չեն ուտում», «Ճանապարհ ընկնողի հետևից ջուր են լցնում»,« Սուրբ Զատիկին օճառով չեն լվացվում». այս շարքը կարող ենք շարունակել այնքան, որքան կների մարդկանց երևակայությունը:

Երևույթներ, որոնց անվերապահորեն հավատում են մարդիկ առանց գիտակցելու, որ դրանք սնահավատություններ են:

Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը վստահ է, որ սնոտիապաշտական երևույթներից ձերբազատվելու միակ միջոցը մարդու հավատն է.«Եթե մարդ հավատա Աստծուն, օրը սկսի ու ավարտի աղոթքով, ապա նա օրհնության մեջ կապրի,և ոչ մի անհաջողություն կամ ձախողում չի կապի, օրինակ, կատվի հետ, լինի այն սև, թե սպիտակ»: Միքայել քահանա Նուրիջանյանը պատմեց նաև մի առակ, որը ցույց է տալիս հավատի զորությունը.

«Մի քրիստոնյա վաճառական գնում է օտար երկիր իր ապրանքները վաճառելու համար: Անապատում մի ավազակ փորձում է հարձակվել ու գողանալ նրա ունեցվածքը, սակայն ամեն գիշեր այդ մարդու շուրջբոլորը հսկայական պարիսպներ է տեսնում 24 դռներով հանդերձ և բոլորն էլ փակ: Մի օր էլ դռներից մեկը բաց է լինում, և այս ավազակը, ուրախացած, բայց նաև անհանգստացած, մտնում է ներս ու տեսնում, որ վաճառականը քնած է, արթնացնում է և պատմում՝ ինչ է տեսել, իսկ քրիստոնյան, հասկանալով եղելությունը, փառք է տալիս Աստծուն և ասում, որ ինքը քրիստոնյա է, ու մի աղոթք կա, որ բաղկացած է 24 տնից ու ինքն էլ ամեն օր այդ աղոթքն անում է, իսկ այսօր տներից մեկը բաց է թողել, իսկ այդ աղոթքի անունն էլ «Հավատով խոստովանիմ» է, դրա համար էլ մեկ դուռը բաց է մնացել»:

Ամեն ինչ մարդու ձեռքերում է, և ամեն ոք ինքն է որոշում, թե ինչին հավատալ, ուստի նախքան այդ սնոտիապաշտական մոլորություններին տրվելը՝ գիտակցեք եղելության մեջ ձեր մեղավորության չափաբաժինը:

Լիլիանա Օսիպյան

qahana.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées