Սիրանույշ Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱԼ, ԻՍԿԱԿԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ,
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը
մի անգամ դեպք պատմեց, Նա պատմեց, որ մութ ու ցուրտ տարիներին Աշտարակում իր հարեւանն է եղել մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ընդ որում, նա բնակվել է իր աղջկա՝ Կարինեի տանը: Մի օր աշխատանքից տուն գնալիս փոխնախարար Շիրխանյանը տեսել է, որ Վիկտոր Համբարձումյանը մոմի լույսի տակ նստած է եղել՝ ոտքերին ցրտից պաշտպանվելու համար ծածկոց է գցել ու այդպես աշխատել: Շատ վատ է զգացել իրեն եւ հորդորել է աշխատակիցներին, որ ամեն ինչ անեն, բայց գիտնականի տանը անպայման լույս հասցնեն: Հաջորդ օրը աշխատանքից տուն է հասել ու տեսել է, որ աստղաֆիզիկոսի տանը լույս է վառվում, սակայն ուրախությունը կարճ է տեւել:

Չնայած ուշ ժամին, գիտնականն անհամբեր սպասել է Շիրխանյանին, որ հայտնի իր դժգոհությունը: Վահան Շիրխանյանը պատմեց, որ տուն չհասած՝ աղջիկը մոտեցել է ու ասել, որ հայրն ուզում է իրեն տեսնել: Մոտեցել է՝ Վիկտոր Համբարձումյանը շատ բարկացած հորդորել է անհապաղ լույսն անջատել ու այնպես կոպիտ ու վճռական է ասել, որ այլընտրանք չի թողել: ՊՆ փոխնախարարն ասել է՝ այսօր, եթե կա մեկը Հայաստանում, որ լույս ունենալու իրավունք ունի, դա Դուք եք: Վիկտոր Համբարձումյանը պատասխանել է՝ եթե իմ ժողովուրդը մթության մեջ է, ես չեմ կարող ու չպետք է լույս ունենամ, ինչպես մյուսները, այնպես էլ՝ ես:»