Որոնք են ամենակարևոր վիտամինները երեխաների համար

Բոլորն էլ գիտեն, որ տարատեսակ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարելու համար երեխաներին վիտամիններ ու հանքանյութեր են պետք, որոնք նրանք ոչ միշտ են բավարար քանակությամբ ստանում մայրական կաթի կամ կաթնային խառնուրդների միջոցով: Սննդաբանները ներկայացրել են, թե որ վիտամիններն են հարկավոր երեխաներին և ինչ պետք է անեն ծնողները այդ վիտամինների դեֆիցիտից երեխաներին պաշտպանելու համար:

Վիտամին A

Եթե երեխան օրական ավելի քան կես լիտր կաթնային խառնուրդ չի օգտագործում, ապա նա հավանաբար չի ստանում բավարար քանակությամբ վիտամին A, մինչդեռ այն շատ կարևոր է իմունային համակարգի աշխատանքի, տեսողության ու մաշկի առողջության համար: Այս վիտամինը մեծ քանակությամբ պարունակվում է կաթնամթերքի, կանաչ տերևավոր բանջարեղենի, քաղցր կարտոֆիլի, գազարի և մանգոյի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային տալ նաև այս կարևոր տարրը պարունակող սննդային հավելումներ:

Վիտամին B

Այս վիտամինը շատ կարևոր է սննդի յուրացման և նյարդային համակարգի աշխատանքի համար: Ճիշտ սննդակարգի դեպքում երեխան ստանում է անհրաժեշտ քանակությամբ վիտամին B և հավելյալ սննդային հավելումների անհրաժեշտություն չի լինում: Այս տարրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը, կաթնամթերքն ու մսամթերքը, հավկիթը, ձուկն ու հացահատիկները:

Վիտամին C

Երեխայի համար բավական դժվար է վիտամին C-ի օրական անհրաշժեշտ չափաբաժինն ինքնուրույն կլանելը, մինչդեռ այս տարրը շատ կարևոր է իմունային համակարգի և երկաթի կլանման համար: Սա է պատճառը, որ հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս վիտամինային հավելումներ ձեռք բերել:

Վիտամին D

Այս տարրն առանցքային դեր է խաղում ոսկորների, մկանների և ատամների առողջության հարցում, ինչը հատկապես կարևոր է աճող օրգանիզմի համար: Որպես կանոն այս վիտամինը սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ, սակայն երբեմն խորհուրդ է տրվում հարստացնել փոքրիկի սննդակարգը վիտամին D պարունակող մթերքով կամ վիտամինային հավելումներով:

Վիտամին E

Մաշկի ու աչքերի առողջության, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդման համար անհրաժեշտ այս վիտամինի պակաս ճիշտ սննդակարգի դեպքում փոքրիկը չի ունենա: Այս տարրով հարուստ են ձիթայուղը, ընկույզներն ու սերմերը և հացահատիկները (հատկապես շագանակագույն բրինձը), սակայն խիստ անհրաժեշտության դեպքում այն կարելի է ձեռք բերել նաև վիտամինային հավելումների տեսքով:

Վիտամին K

Սա շատ կարևոր վիտամին է, որը պատասխանատու է արյան մակարդման ու վերքերի ապաքինման համար, սակայն այն սննդային հավելումների տեսքով ձեռք բերելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն մեծ քանակությամբ պարունակվում է բանջարեղենային յուղերի և կանաչ տերևավոր բանջարեղենի մեջ:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées