Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայկական 168 ժամ թերթի հետ զրույցում հայտարարել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե առանց Արցախի հավանության չի լինի որեւէ զարգացում կարգավորման գործընթացում, ռոմանտիկներ են:
Հետո Տարասովը հայտարարում է, որ Փաշինյանն ու Ալիեւը հունիսին ստորագրելու են Արցախի խնդրի վերաբերյալ համաձայնագիր, որտեղ հայկական կողմն անուղղակի փոխզիջումների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ:
Թե ինչ ռոմանտիկների կամ որ ռոմանտիկների համար է այդ հայտարարությունն անում Ստանիսլավ Տարասովը, դժվար է ասել, սակայն նա անում է չափազանց վտանգավոր հայտարարություն, հաշվի առնելով նաեւ, որ այդօրինակ ոճն ունի Հայաստանի համար խիստ վտանգավոր մի նախադեպ:
Խոսքը 2016 թվականի հուլիսյան զարգացումների մասին է, երբ Հայաստանում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը ու տարածվում էր այն մտայնությունը, որ դա արվել է տարածք հանձնելու համաձայնությունը կանխելու համար, որն ըստ տարբեր տեղեկությունների համաձայնեցվել էր Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում:
Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյային հաջորդած Սարգսյան-Ալիեւ երկրորդ հանդիպումը: Առաջինը դրանից մեկ ամիս առաջ էր՝ մայիսին Վիեննայում: Վիեննայից հետո հայտարարվեց հետաքննությունների մեխանիզմի ներդրման հարցի մասին: Մեկ ամիս անց Սանկտ-Պետերբուրգում այդ հարցը մոռացության տրվեց, համենայն դեպս որպես օրակարգային հարց այն կոնկրետ չհիշատակվեց: Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ռազմա-քաղաքական վրիպումը, հայկական բանակի ջանքով ռազմա-քաղաքական բալանսի վերականգնումը թույլ տվեց ստեղծել մթնոլորտ, որում Ադրբեջանի առաջ դրվեցին բավականին կոշտ պայմաններ:
Բաքուն ավելի ուշ պարզ հայտարարում էր, որ հետաքննությունների եւ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմը փաստացի ստատուս-քվոյի ճանաչում է: Ռուսաստանի համար եւս հետաքննությունների մեխանիզմն անցանկալի էր, քանի որ չեզոքացնում էր հակամարտության կառավարման գործում Մոսկվայի գերիշխող դիրքը:
Սանկտ-Պետերբուրգն արագորեն կազմակերպվեց Վիեննայից հետո, որպեսզի լղոզվի հետաքննությունների մեխանիզմի հարցը: Այդ իսկ պատճառով Սանկտ-Պետերբուրգից հետո կոնկրետ խոսվեց միայն Կասպրշիկի գրասենյակի անձնակազմն ավելացնելու մասին: Դա այնքան ակնառու էր, որ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում անմիջապես հայտարարեց, որ թեեւ հետաքննությունների մեխանիզմի մասին խոսք չկար, այդուհանդերձ իրենց համար առջանահերթը այդ հարցն է: Դրանից հետո պետք է լիներ նախագահների երրորդ հանդիպումը, Ֆրանսիան հայտնել էր կազմակերպելու պատրաստակամություն, սակայն երրորդ հանդիպումը տապալվեց եւ տեղի ունեցավ միայն մեկուկես տարի անց՝ Ժնեւում, արդեն առանց Վիեննայի եւ անգամ Սանկտ-Պետերբուրգի մասին որեւէ բառ հիշատակելու:
Եվ ահա, հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանն ընդառաջ, ու նաեւ դրանից հետո ռուսական փորձագիտական շրջանակներ, մեդիաներ, ադրբեջանական մեդիաներ եւ փորձագետներ համակարգված ձեւով տարածում էին տեղեկություն, որ Սանկտ-Պետերբուրգում Պուտինը Սերժ Սարգսյանին համոզել է 5-ի փոխարեն հանձնել գոնե երկու շրջան, եւ համաձայնությունը կայացած է:
Այդ որոշակի ինտենսիվությամբ տեղեկատվությանը հաջորդեց ՊՊԾ գնդի գրավումը, որը կապվեց տարածքների հանձնումը կանխելու նպատակի հետ:
Արդյոք ապրիլյան քառօրյայից երեք-չորս ամիս անց Սերժ Սարգսյանը կարող էր գնալ տարածք հանձնելու քայլի: Որեւէ մեկը հիշու՞մ է Հայաստանում ու Արցախում հանրության հոգեբանական մթնոլորտը: Նույնիսկ խելագարը կհասկանար, որ այդ մթնոլորտում հնարավոր չէ տարածք հանձնելու որոշում կայացնել, եւ որեւէ քաղգործչի համար դա կլիներ ուղղակի ինքնասպանություն, գուցե ընդհուպ ֆիզիկական իմաստով:
Փոխարենը, հուլիսին Հայաստանում ՊՊԾ գնդի գրավումը ստեղծեց իրավիճակ, երբ Հայաստանը հայտնվեց բարդագույն վիճակում, ներքին արյունահեղ բախման վտանգի տակ: Արդյոք ներքին այդ իրավիճակը չթուլացրեց արտաքին կարողությունները եւ չչեզոքացրեց այն փակուղին, որում հայտնվել էր Բաքուն ապրիլյան քառօրյայում տապալումից հետո: Արդյոք Հայաստանում ստեղծված ներքին ծանր իրավիճակը չօգտագործվեց արցախյան խնդրում Վիեննայի օրակարգը չեզոքացնելու համար: Եվ արդյոք այդ նպատակը չունեին 2016-ի հունիսին ռուսական շրջանակներից տարածվող տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը պայմանավորվել է շրջաններ հանձնել:
Եվ ի՞նչ նպատակով է Ստանիսլավ Տարասովը երեք տարի անց՝ 2019-ի հունիսի համար դաշտ նետում նույնանման տեղեկություն: Դա ներքին խոհանոցային առարկայական փաստերի վրա հիմնված տեղեկությո՞ւն է, թե՞ սադրանք: Այդօրինակ մի տեղեկատվական սադրանքը փաստորեն նպաստեց հայկական կողմի այն քաղաքական առավելությունը չեզոքացնելուն կամ էապես թուլացնելուն, որը ձեռք բերվեց բանակի շնորհիվ ապրիլյան քառօրյայում: 2018-ի ապրիլին հայկական կողմը թավշյա հեղափոխության շնորհիվ ձեռք բերեց քաղաքական նոր առավելություն: Ու՞մ հանգիստ չի տալիս այդ առավելությունն այս անգամ: