Սննդաբանների կարծիքով՝ կաթնաշոռը դասվում է մթերքի ամենաօգտակար տեսակների շարքին, ուստի անհատական հակացուցումների բացակայության դեպքում այն հարկավոր է անպայման ներառել սննդակարգում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռի ամենաօգտակար հատկությունները, որոնց շնորհիվ էլ այն համարվում է լավագույններից մեկը:
Հագեցնում է և այրում է ճարպը
Կաթնաշոռը հագեցնում է և երկար ժամանակով ազատում քաղցի զգացումից՝ առանց նյութափոխանակությանը վնաս հասցնելու: Սա հիանալի մթերք է նիհարել ցանկացողների համար, քանի որ պարունակում է մեծ քանակության սպիտակուցներ ու այլ օգտակար միկրոօրգանիզմներ, մեթիոնին ամինաթթվի շնորհիվ արդյունավետ կերպով այրում է ճարպերն ու յուրացվում է անգամ լակտոզայի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքում:
Շատ օգտակար է քրոնիկ հիվանդությունների դեպքում
Կաթնաշոռը հիանալի մթերք է այտուցներից, զարկերակային գերճնշումից և լյարդի հիվանդություններից տառապողների սննդակարգում ներառելու համար: Բացի այդ, այն հարուստ է կալցիումով, ուստի շատ օգտակար է հաճախ ոսկրային հյուսվածքների խնդիրներին բախվող տարեցների համար:
Ազատում է սթրեսից
Կաթնաշոռի գործածությունը նպաստում է տրիպտոֆան ամինաթթվից «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի սինթեզվելուն: Բացի այդ, այն խոլինի հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ բարելավում է նյարդային համակարգի վիճակը, գլխուղեղի աշխատանքն ու քնի որակը, ինչպես նաև օգնում է քիչ նյարդայնանալ և հեշտությամբ դիմակայել ամենօրյա սթրեսին:
Ամրապնդում է իմունային համակարգը
Կաթնաշոռը հարուստ է մեծ քանակությամբ օգտակար բակտերիաներով, որոնք բարելավում են աղիների միկրոֆլորան և ճնշում են պաթոգեն միկրոօրգանիզմների բազմացումը:Կաթնաշոռի պարբերաբար գործածությունն օգնում է կանխարգելել տարբեր վարակների զարգացումը, այդ թվում կաթնասնկախտն ու այլ սնկային հիվանդությունները:
Կանխարգելում է աթերոսկլերոզը
Այս մթերքը նաև կանխարգելում է աթերոսկլերոզը: Այս հիվանդությունը զարգանում է անոթներում խոլեստերինի կուտակման, անոթների պատերի հաստացման ու լուսանցքի նեղացման հետևանքով և բարձրացնում է կաթվածների հավանականությունը, սակայն կաթնաշոռի բաղադրության մեջ պարունակվող ամինաթթուները նպաստում են օրգանիզմից նման խանգարումների զարգացման պատճառ հանդիսացող տոքսիկ նյութերի դուրսբերմանը