Ինչպես խուսափել գրիպից ամանորյա տոների ընթացքում և դրանցից հետո

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, պայմանավորված բնակչության սերտ շփումներով, հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հորդորում է.

·         հնարավորության սահմաններում զերծ մնալ շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, ինչը ռիսկային է նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաներ համար,

·         հնարավորինս չմասնակցել զանգվածային միջոցառումների,

·         բացառել հոսպիտալացված հիվանդներին, հարազատներին տեսակցությունները, քանի որ գրիպը և սուր շնչառական վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և անգամ մեկ հիվանդը բավական է շրջապատի առողջ մարդկանց վարակելու համար,

·         խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

·         չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

·         հագնվել եղանակին համապատասխան,

·         հաճախակի օդափոխել փակ տարածքները,

·         օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,

·         պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,

·         եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ պատվաստվել գրիպի դեմ,

·         հետևել անձնական հիգիենային:

Հիշեցնենք, որ գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է: Գրիպի հարուցիչները Ա, Բ և Ց տեսակի վիրուսներն են։ Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք, քանի որ վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը թուլանում է վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետևանքով:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի անձանց։

Գրիպի հիմնական ախտանշաններն են՝

·         ջերմություն (39-40°),

·         հազ,

·         կոկորդի ցավ,

·         մարմնի ջարդվածության զգացողություն,

·         հոգնածություն,

·         գլխացավ։

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal