Ինչպես է կանաչ թեյն ազդում մարդու օրգանիզմի վրա և որ դեպքերում է այն հակացուցված

Կանաչ թեյն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է: Ի տարբերություն թեյի մյուս տեսակների այն չի անցնում ֆերմենտացման գործընթացներ, ինչի շնորհիվ էլ պահպանում է բոլոր հակաօքսիդանտներն ու պոլիֆենոլները: Հենց այս հատկության շնորհիվ էլ այն համարվում է ամենաառողջարար ըմպելիքներից մեկը, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանաչ թեյի ամենաօգտակար հատկություններն ու հակացուցումները, որոնց դեպքում հարկավոր է հրաժարվել այս ըմպելիքից:

Կանաչ թեյն օգնում է նիհարել

Մեծ քանակությամբ պոլիֆենոլների շնորհիվ այս թեյն օգնում է բարելավել նյութափոխանակությունն ու նպաստում է քաշի նվազմանը: Այս հակաօքսիդանտների շնորհիվ ավելի շատ էներգիա է վատնվում և օրգանիզմը կալորիաները ճարպերի չի վերածում:

Պաշտպանում է շաքարային դիաբետից

Կանաչ թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտները օգնում են նաև կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ դրանով իսկ օգնելով կանխել շաքարային դիաբետի զարգացումը: Ուտելուց հետո կանաչ թեյ խմելն օգնում է կանխել ինսուլինի մակարդակի բարձրացումն ու շաքարի՝ ճարպաշերտերի տեսքով կուտակումը:

Ամրապնդում է սրտանոթային համակարգը

Օրական անգամ մի բաժակ թեյն օգնում է կանխել սրտանոթային տարբեր հիվանդությունները: Հակաօքսիդանտները, որոնք պարունակվում են դրանում, կանխում են թրոմբների առաջացումը, մաքրում են զարկերակները և օգնում են վերահսկողության տակ պահել արյան մեջ ավելորդ լիպիդների մակարդակը: Շատ փորձագետներ նշում են, որ այս ըմպելիքի ակտիվ բաղադրիչներն անգամ նվազեցնում են սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի և թրոմբոզի առաջացման հավանականությունը:

Կանխում է տեսողության խանգարման հավանականությունը

Պոլիֆենոլներից բացի, կանաչ թեյը պարունակում է նաև С և Е վիտամիններ, լյուտեին ու զեակսանտին, որոնք կլանվում են աչքերի տարբեր հյուսվածքների կողմից՝ օգնելով կանխել գլաուկոմայի և աչքերի այլ հիվանդությունների զարգացումը:Բացի այդ, այդ հակաօքսիդանտները նվազեցնում են բջիջներում տեղի ունեցող օքսիդացման գործընթացների վնասը, որը համարվում է տեսողության վատացման հիմնական պատճառը:

Բուժում է գորտնուկները

Կանաչ թեյի հիմնական բաղադրիչներից մեկը՝ էպիգալոկախետինն արգելակում է մարդու պապիլոմա վիրուսի բջջային ցիկլը և թույլ չի տալիս, որ այն բազմանա, իսկ գորտնուկների առաջացման համար պատասխանատու է հենց այս վիրուսը:

Կանխարգելում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները

Այս ըմպելիքը չեզոքացնում է ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունը՝ դրանով իսկ կանխելով գլխուղեղի վնասվածքներն ու այս վտանգավոր հիվանդությունների զարգացումը: Բացի այդ, հակաօքսիդանտները ստեղծում են պաշտպանիչ պատնեշ, որը կանխում է բջիջների դեգեներացիան և խթանում է նեյրոնների ակտիվությունը:

Կանաչ թեյը կանխում է երիկամներում քարերի առաջացումը

Օրական մի բաժակ կանաչ թեյ խմելը հիանալի միջոց է երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար, քանի որ կանաչ թեյի հյութահանուկը նվազեցնում է նստվածքների մակարդակն ու փոքրացնում է կալցիումի օքսալատները, որոնցից էլ քարեր են առաջանում:

Դադարեցնում է կարիեսի զարգացումը

Այս թեյի մեջ պարունակվող կախետինները ոչնչացնում են այն վիրուսներն ու բակտերիաները, որոնք առաջացնում են կարիես, կոկորդի բորբոքումներ և բերանի խոռոչի այլ հիվանդություններ:

Հակացուցումներ

Այս ըմպելիքը շատ օգտակար է, սակայն անգամ այն ունի հակացուցումներ, որոնց հարկավոր է անպայման ուշադրություն դարձնել:

Առաջին հերթին հարկ է հիշել, որ կանաչ թեյը չի կարելի չարաշահել, քանի որ օրական 2 բաժակից ավելի խմելու դեպքում այն կարող է բավական տհաճ խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ գլխացավեր, նյարդային դյուրագրգիռություն, փորլուծություն, քնի խանգարումներ, գրգռվածություն, սրտի կծկումների հաճախականության ավելացում, գլխապտույտներ և այլն:

Բացի այդ, այս ըմպելիքը չի կարելի խմել միաժամանակ որոշ դեղամիջոցների հետ մեկտեղ, քանի որ այլ նյութերի հետ այն կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում խմել հղիներին ու կերակրող մայրերին, ինչպես նաև սակավարյունությունից, զարկերակային բարձր ճնշումից ու մարսողության խանգարումից տառապողներին:

https://med.tert.am/

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal