Վաղուց հայտնի է, որ կենդանիները դրական ազդեցություն են ունենում ոչ միայն մարդու տրամադրության, այլև ինքնազգացողության վրա, քանի որ կարող են բուժել այս կամ այն հիվանդությունը: Այժմ այս տեսությունն իր գիտական բացատրությունն է ստացել, քանի որ մի խումբ գիտնականներ որոշել են պարզել, թե ինչպես են կենդանիներն ազդում մարդու վրա:
Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրության համար առանձնացրել է հինգ կենդանի և փորձել պարզել, թե որ խնդիրների դեպքում որ կենդանին է օգնում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շները, կատուները, ձիերը, մեղուներն ու օձերն իսկապես օժտված են որոշակի բուժիչ հատկություններով: Ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկություններ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձիերն օգնում են հենաշարժիչ համակարգի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև հանգստացնում են և անգամ օգնում են ազատվել թմրանյութային ու ալկոհոլային կախվածությունից:
Շներն օգնում են ազատվել ընկճախտից և ամրապնդում են սրտանոթային համակարգը: Բացի այդ, շունը կօգնի հստակ ախտորոշել չարորակ ուռուցքների ի հայտ գալն ու զարգացումը, ինչպես նաև կնպաստի հիվանդություններից հետո օրգանիզմի արագ վերականգնմանը:
Ինչպես շները, կատուները ևս հիանալի օգնական են դեպրեսիայի դեմ պայքարում: Նրանք նաև արդյունավետ կերպով ազատում են նևրոզներից և օգնում են ախտորոշել բորբոքումները, քանի որ վաղուց հայտնի է, որ կատուները միշտ պառկում են հիվանդ տիրոջ մարմնի այն հատվածին, որտեղ որևէ խնդիր կա: Բացի այդ, կատուները բավական բարձր հավանականությամբ կանխատեսում են եղանակը:
Ոչ պակաս կարևոր են մարդկության համար նաև մեղուներն ու օձերը: Մեղուները մեղր, ակնամոմ, ծաղկափոշի ու մեղվակաթ են արտադրում, որոնք օգտագործվում են ոչ միայն բժշկության մեջ, այլև կոսմետոլոգիայում, իսկ օձերի թույնը կիրառվում է տարատեսակ քսուքների ու գելերի բաղադրության մեջ, քանի որ շատ արդյունավետ է հոդերի ու անոթների բուժման համար: