Պետք է մոռանալ տնտեսության թռիչքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած իշխանափոխությունից հետո ձևավորված սպասումներին և Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորներին՝ արտաքին կապիտալը չի շտապում գալ Հայաստան։ Դրա համար, անշուշտ, շատ պատճառներ կան։ Այն, ինչ կառավարությունն առաջարկում է թավշյա հեղափոխության տեսքով, չափազանց քիչ է ներդրողներին գրավելու համար։ Բավական է միայն ասել, որ ներքին կապիտալը ևս խուսափում է տնտեսությունից։ Թե ինչո՞ւ է այդպես, այլ խնդիր է։

Բայց քանի դեռ չի հաջողվում տնտեսություն բերել ներքին կապիտալը, դժվար է լուրջ հույսեր կապել արտաքին ներդրումների հետ։ Որքան էլ օտարերկրյա ներդրումները կարևոր են Հայաստանի տնտեսության համար՝ անհնարին է պատկերացնել տնտեսական հեղափոխություն՝ առանց ներքին ռեսուրսների օգտագործման։ Սա խնդիր է, որը եղել և շարունակում է լուրջ մարտահրավեր լինել Հայաստանի տնտեսության համար։ Ու քանի դեռ կառավարությանը չի հաջողվել պայմաններ ստեղծել, որպեսզի ներքին կապիտալը վերածվի ներդրումների, պետք է մոռանալ տնտեսական հեղափոխության ու թռիչքաձև աճի մասին։

Մինչ կառավարությունը փորձում է բարձրացնել Հայաստանի տնտեսության նկատմամբ արտաքին կապիտալի գրավչությունը և ներգրավել ներդրումներ, մի տեսակ անտեսվում են ներքին միջավայրի հնարավորությունները։ Մինչդեռ այստեղ կուտակվել են ահռելի ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում կարող են վերածվել ներդրումային կապիտալի։ Խոսքը բնակչության խնայողությունների մասին է։ Միայն բանկային համակարգում դրանք հասնում են շուրջ 3 մլրդ դոլարի։

Չնայած խնայողությունները դրանով չեն սահմանափակվում։ Քիչ չեն նաև բնակչության մոտ առկա այն ազատ միջոցները, որոնք պարզապես դուրս են ինչպես տնտեսությունից, այնպես էլ բանկային համակարգից։ Փորձագիտական գնահատումներով, ներքին խնայողություններն ընդհանուր առմամբ տատանվում են շուրջ 5 մլրդ դոլարի սահմաններում։ Սա հսկայական գումար է, որի նույնիսկ կեսը ներդրումային կապիտալի վերածվելու դեպքում կարող է մեծապես ազդել Հայաստանի տնտեսության ու տնտեսական գործընթացների վրա։ Սակայն դա տեղի չի ունենում։ Պատճառը տնտեսության կառուցվածքի, թափանցիկության պակասի, կենտրոնացվածության, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների բացակայության մեջ է։

Իշխանափոխությունից հետո այս առումով, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել։ Ինչքան էլ կառավարությունը հայտարարի մենաշնորհների վերացման կամ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին, դա շատ քիչ է ներդրումներ ներգրավելու համար։

Հայաստանում չկան կամ չափազանց թույլ են այն խողովակները, որոնց միջոցով խնայողությունները ներդրումների տեսքով կարող են մտնել տնտեսություն։ Ոչ մի կերպ չի կայանում արժեթղթերի շուկան, ինչը հանդիսանում է տնտեսության մեջ ներդրումների ներգրավման հիմնական գործիքներից մեկը։

Իշխանափոխությունից հետո կառավարությունն առայժմ որևէ քայլ չի արել այս ոլորտում։ Ներդրումների ներգրավման գործում նոր իշխանությունը կարծես չի էլ կարևորում արժեթղթերի շուկայի դերը։ Չնայած դրա չկայացած լինելը գլոբալ խնդիր է, որին տնտեսությունը բախվել է և չի կարողանում հաղթահարել։ Դեռ ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը, դժվար է ասել։

Մի բան ակնհայտ է, որ մի կողմից՝ տնտեսությունը ներդրումային միջոցների խիստ կարիք ունի, մյուս կողմից՝ հասարակության մոտ կուտակվել են լուրջ գումարներ, որոնք դուրս են ներդրումային միջավայրից։ Լավագույն դեպքում դրանք վերածվում են բանկային ավանդների, այնուհետ՝ վարկերի, որոնց տնտեսական արդյունավետությունը խիստ ցածր է։ Նորություն չէ, որ վարկային շուկայի պայմանները Հայաստանում չափազանց կոշտ են, տոկոսադրույքները՝ բարձր։ Այլ կերպ ասած, տնտեսական գործընթացների ակտիվացմանը նպաստելու փոխարեն՝ այդ գումարներն ավելի շուտ ծառայում են բանկային համակարգի եկամուտների ավելացմանը։

Վերջին տարիներին խնայողությունները Հայաստանում ավելանում են՝ նույնիսկ համախառն ներքին արդյունքի խիստ ցածր աճի պայմաններում։ Թեև իշխանափոխության օրերին ձևավորված բացասական սպասումների հետևանքով բանկային հատվածում նկատվեց ավանդների արտահոսք, այնուհանդերձ այդ միտումը երկար չտևեց։ Մի քանի ամիս անց՝ ավանդադրված գումարները վերականգնվեցին։

Հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ անցած տարի առևտրային բանկերում պահվող բնակչության խնայողությունները համալրվել են շուրջ 233 մլն դոլարով։ Ավանդների աճի տեմպը գրեթե կիսով չափ ընկել է, բայց շարունակել է բավական բարձր մնալ, հատկապես՝ տնտեսական ցուցանիշների համեմատ։

Այս գումարները տնտեսության մեջ ներդնելու փոխարեն՝ ավանդատուները գերադասում են առանց ավելորդ գլխացավանքի՝ եկամուտներ ստանալ բանկային տոկոսադրույքի միջոցով։ Առավել ևս, որ այն բավականաչափ բարձր է։ Բանկերի դրամային ավանդների եկամտաբերությունը հասնում էր տարեկան ընդհուպ մինչև 10 տոկոսի։ Թերևս, դա էլ վերջին երկու-երեք տարիներին նպաստել է դրամային խնայողությունների ավելի արագ աճին՝ հաշվի առնելով, որ տարադրամային ավանդների տոկոսադրույքները համեմատաբար ցածր են։

Ներքին տնտեսության հաշվին բավական մեծ գումարներ են կուտակվել նաև կենսաթոշակային ֆոնդերում։ Դրանք տարեցտարի ավելանում են։

Համակարգի ներդրումից հետո կենսաթոշակային ֆոնդերում ձևավորվել է շուրջ 320 մլն դոլարի կապիտալ։ Սրանք երկար և էժան գումարներ են, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կարող են լուրջ նշանակություն ունենալ տնտեսության համար։ Սակայն չեն ունենում։ Դրանց շուրջ 20-24 տոկոսը ներդրված է դրսում։ Թեև մյուս մասը ներսում է, այնուհանդերձ ցածր է այդ միջոցների տնտեսական էֆեկտը։ Դրանք ուղղվում են հիմնականում պետական պարտատոմսերի ձեռքբերմանը, կամ ներդրվում են բանկերում՝ որպես ավանդ։ Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված շատ քիչ գումարներ են ուղղակիորեն մտնում տնտեսությունը։ Խոսքն ընդամենը 9-10 տոկոսի մասին է։

Պատճառը դարձյալ նույնն է՝ ֆինանսական միջնորդությունների ինստիտուտները Հայաստանում կայացած չեն, տնտեսությունը թափանցիկ չէ, բարձր է ռիսկայնությունը։

Նախորդ իշխանությունը մտադիր էր սկսել կենսաթոշակային բարեփոխումների երկրորդ փուլը։ Այն պիտի պայմաններ ստեղծեր՝ ֆոնդերում կուտակվող միջոցները տնտեսություն ուղղորդելու համար, բայց չհասցրեց։

Ի՞նչ է մտածում անել նոր իշխանությունը, հայտնի չէ։

Մի բան ամեն դեպքում հստակ է՝ ներքին միջավայրում կա բավական լուրջ ֆինանսական ռեսուրս, որը կտրված է տնտեսության հետ ուղիղ կապ ունենալու հնարավորությունից։ Մինչդեռ այլ ճանապարհներով իրական հատված մտնող փողի գինը չափազանց բարձր է և չի նպաստում տնտեսության զարգացումներին։

Սպասել, որ այսքանից հետո արտաքին ներդրողները պիտի գան ու ողողեն Հայաստանի տնտեսությունը, որևէ հիմք չունի։ Պետք է մտածել ներքին խնայողություններն ակումուլյացնելու և տնտեսության մեջ ուղղակի ներդրումների վերածելու մասին։ Այլապես անիմաստ է սպասել տնտեսական հեղափոխության ու թռիչքաձև զարգացումների։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

https://168.am

(Visited 85 times, 1 visits today)