Ո՞ւմ է պատկանում ՌԴ-ում առգրավված 40 տոննա սիգարետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական մամուլում երեկ տեղեկություն տարածվեց, թե ապրիլի 25-ին ձերբակալվել է տրանզիտային օդանավ, որում եղել է 40 տոննա մաքսանենգ սիգարետ։ Օդանավը հայկական է եղել՝ ԱԻՆ-ին պատկանող։ Ըստ հրապարակման՝ ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 2 հազար 700 տուփ մաքսանենգ սիգարետ՝ հայկական ծագման ապրանքանիշների պատկանող, հայկական ակցիզներով։ Ինքնաթիռը պետք է մեկներ Երեւանից Աֆղանստան՝ կայանելով Կրասնոդարում եւ Դուշանբեում։ Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, եւ 2018 թվականին Հայաստանից տարված 35 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ է հայտնաբերվել։

Թե որքանով է մաքսանենգ եղել ծխախոտը, եւ որքանով է հավաստի ռուսական կայքերում տարածված տեղեկատվությունը, դիմեցինք ՊԵԿ-ին՝ այս հարցով պարզաբանում ստանալու։ Օրվա վերջում Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ որեւէ անօրինական կամ մաքսանենգ ապրանք դուրս չի եկել Հայաստանից։

«Խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաեւ ապրանքն ուղեկցող փաստաթղթերը։ Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ եւ ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջեւ գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար»,-ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ։

ՊԵԿ-ը հայտնում է նաեւ, որ նշված ծխախոտն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձեւակերպումները եւ հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որեւէ իրավասություն չունեն եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Ստացվում է՝ ռուսական կայքերն ապատեղեկատվություն են տարածել, հայկական կողմին մեղադրելով մաքսանենգ ապրանք արտահանելու մեջ։ Իսկ ո՞ր ընկերության արտադրած ծխախոտն է եղել օդանավում, ո՞վ է ծխախոտի տվյալ խմբաքանակի հետեւում կանգնած անհատը կամ ընկերությունը։ Երեկ սոցցանցերում այս լուրի հրապարակումից անմիջապես հետո տեղեկատվություն տարածվեց, թե ծխախոտի արտահանման հետ կապ ունեն ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը, որը եւս ծխախոտային բիզնեսի մեջ է՝ դրսից ներկրում է ծխախոտ եւ արտահանում, եւ վարչապետի աներորդի, ԱԺ գործող պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը, իբրեւ թե, փայ ունի ՌԴ-ում առգրավված այս ծխախոտի խմբաքանակի մեջ։ Ավելի ուշ հերքեցին այս տեղեկությունները։ Մենք պարզեցինք, սակայն, որ ծխախոտը, որը ինչպես նաեւ ՊԵԿ-ն էր նշել, հայկական արտադրության է, արտադրողն «Արմտաբակ» կամ «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊ ընկերությունն է։ Այն պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, որն այս ընկերությունը հիմնադրել է մոտ մեկ տարի առաջ։

Պաշտոնապես այս ընկերության տնօրենը Հարությունյանի մտերիմ Արմեն Ունանյանն է, որը ժամանակին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հիմնած, իսկ հեղափոխությունից հետո փակված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրենն էր։ Մենք փորձեցինք կապ հաստատել Հարությունյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն չհաջողվեց։ Պարզեցինք միայն, որ նա Հայաստանում չէ։ ՊԵԿ-ից էլ չցանկացան պարզաբանում տալ սիգարետի ծագման վերաբերյալ։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/b4b9beb3ebea95d8123e735c5650770d

(Visited 327 times, 1 visits today)