Խորապես ցնցված եմ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լեւոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:

Անվանի շախմատիստուհին եւ շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լեւոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգեւորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, եւ նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Սիրելի Լեւոն,

Իմ եւ Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին եւ մերձավորներին»։

Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին, մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նա ենթարկվել էր վթարի։

«Խոսքեր չունեմ արտահայտելու տխրությունս իմ կնոջ՝ Արիաննեի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրեց գեղեցիկ կյանքով…

Սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ, ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը։

Աղբյուրը

(Visited 1 171 times, 1 visits today)