«Իմ շունն Էջմիածնի կեր չի ուտում». Մանվելի դստերը կանգնեցրել են ոստիկանները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի տասներեքին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղեւորվելիս է եղել Երեւան:

Հարցին, թե ուր է գնում, գեներալի դուստրը պատասխանել է՝ Երեւան, շան կեր գնելու: Ոստիկաններից մեկը զարմացել է, թե ինչ է, Էջմիածնում շան կեր չկա՞: Գեներալի դուստրն էլ ասել է, որ իմ շունն Էջմիածնի կերը չի ուտում:

Ի վերջո, ոստիկանները թույլ չեն տվել գուրման շան տիրոջը Երեւան գնալ, ու նա ստիպված վերադարձել է Էջմիածին: Թե դուստրերից որն է եղել՝ Այծեմնիկը, Արփենիկը, թե դատավոր Նաիրա Գրիգորյանը, լուրը մեզ փոխանցող քաղաքացին չգիտեր:

«Դժվար դատավորը եղած լինի: Սակայն կարող եմ ասել, որ մեքենան ջիպ էր»,- ասաց նա: Մանվել Գրիգորյանի մամուլի հետ կապն ապահովող, ԵԿՄ նախկին խոսնակ Վարդան Վարդանյանն էլ չգիտեր, թե եղե՞լ է արդյոք նման միջադեպ:

«Պարոն Գրիգորյանը 3 դուստր ունի, բոլորն էլ շատ շներ ունեն, կփորձեմ պարզել»,- ասաց նա: Հետո էլ ասաց՝ չկարողացա պարզել: Ոստիկանության հասարակության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հազարավոր մարդիկ են գնում-գալիս Էջմիածնի ճանապարհով. «Ի՞նչ իմանանք, ով ում աղջիկն ա, ով ում տեգոր կինը»:

Աղբյուր

(Visited 71 times, 1 visits today)