«Այդտեղ մենք զիջումներ չունենք». Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որը ներառված է օրակարգում, դեռ չի բերվել խորհրդարան:

Լրագրողների հետ զրույցում Մարուքյանը նշեց, որ որքան հասկանում է՝ կառավարությունն իրավունք ունի դեռևս չուղարկել նախագիծը:

«Այս նիստը կընդհատվի, երբ որ հանձնաժողովի նախագահները կընտրվեն, և դրանից հետո այդ նախագիծը, երբ կուղարկվի խորհրդարան, նիստը կվերսկսվի: Հետո նորից կընդհատվի և կվերսկսվի կառավարության ծրագիրը ստանալուց հետո»,- ասաց Մարուքյանը՝ գործադիրի գործընկերներին հորդորելով հնարավորինս շուտ նախագիծն ուղարկել խորհրդարան:

«Ես ենթադրում եմ, որ դա պետք է նշանակի նաև սուպերվարչապետական համակարգի վերափոխում»,- ասաց Մարուքյանը՝ կողմ արտահայտվելով օպտիմալացմանը:

Նա կարևորեց հատկապես ոստիկանությունը, ԱԱԾ-ն և հարկահավաք մարմինը, որ պետք է գործեն խորհրդարանական վերահսկողության ներքո, հակառակ դեպքում դրանք կշարունակեն մնալ վարչապետի ենթակայության տակ: Եթե այդ մարմինները մնան վարչապետի վերահսկողության ներքո, իրենք դեմ կլինեն դրան.

«Այդտեղ մենք զիջումներ չունենք: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, ով հիմա կալանավորված է սահմանադրական կարգ տապալելու համար, այդ սահմանադրական կարգը տապալելու մեջ է մտնում նաև պետական կառավարման համակարգը ձևախեղելը:

Այսինքն՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան լիազորություն է ստացել, որտեղի՞ց է սկսվել: Սկսվել է այնտեղից, որ նա ուժային մարմինները բերել է միայն իր վերահսկողության տակ:

Եվ քաղաքական որևէ պայմանավորվածություն կամ կոալիցիա ստեղծելիս դրանք չեն քննարկվել, դրանք դուրս են մնացել քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունից»:

168.am

(Visited 33 times, 1 visits today)