ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տեսեք, ժողովուրդ ջան, հողը թարմ է, արտաշիրմում են արել»․ անհետ կորածների ծնողները կադրեր են հրապարակել

Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատներն ապրիլի 6-ի վաղ առավոտյան գնացել էին Երևանի գերեզմանատներից մեկը և համոզվել, որ զոհված զինծառայողին արտաշիրմում են արել։

Ծնողները դեռ փետրվարին էին ահազանգել, որ այս զինվորի ծնողներին սխալ մասունքներ են հանձնել, քանի որ դրանք հանվել էին Զանգելանի մի փոսից, իսկ նրանց որդին զոհվել էր Շուշիում, սակայն զոհված զինվորի ծնողները վստահելով ԴՆԹ-ի պատասխանին՝ փետրվարի 22-ին հուղարկավորել էին իրենց հանձնած մասունքները։

Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք այսօր վաղ առավոտից եկել էին կառավարական 3-րդ մասնաշենք, որպեսզի հանդիպեին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որը նրանց այդպես էլ չընդունեց, 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ ապրիլի 5-ին՝ մեռելոցին, գնացել էին այդ զինվորի շիրմին և խունկ ծխել, քանի որ վստահ էին, որ այդ փոսում թաղված էր իրենց հարազատներից մեկի մասունքները։ Տեղեկացել էին, որ այդ զինվորի ծնողներն իրենց որդու ամբողջական մարմինը գտել են Մեծամորի դիահերձարանում, և, որ արտաշիրմում է արվելու։

«Մենք այդ օրը գերեզմանատանը Ա-4 ֆորմատի թղթի վրա ածուխով հեռախոսահամար էինք գրել, որ գան արտաշիրմում անեն, չմտածելով, որ դա մեր հեռախոսահամարն է՝ զանգեն։ Ապրիլի 6-ի լուսադեմին զանգել են մեր այդ համարին ու ասել են՝ ախպեր, եկեք, մենք արդեն արտաշիրմում ենք անում, ո՞ւր եք»,- պատմեց տիկին Անահիտը։

Մինչ նրանք կհասնեին Երևան, արտաշիրմումն արդեն արվել էր։ 168.am-ին տրամադրած տեսանյութում էլ անհետ կորածի մայրը պատմում է, որ ընդամենը 1 օր առաջ են այդ նույն գերեզման եկել, խունկ ծխել, և, որ ակնհայտ երևում է, որ արտաշիրմում է արվել․
«Տեսեք, ժողովուրդ ջան, հողը թարմ է, արտաշիրմում է կատարվել։ Նայեք, ոչ անձրև է եկել, ոչ բան, ամբողջը լվացել են, փոսը քանդել՝ լցրել են այս կողքի վրա (ցուցադրում է հողի հետքերը)։ Կողքի գերեզմանի մեխակները երեկ եղել էին Տիգրանի գերեզմանի թմբի վրա․․․ Էս ապացույցն է, որի համար իրենք պետք է պատասխան տան, Հերացին սա չի՛ մարսելու, չե՛ն մարսելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները պարզել էին, որ իրենց իսկ ձեռքերով Զանգելանի փոսից բերված մասունքներից մի քանի ոսկոր հանձնել էին այլ ծնողների, որոնց որդին զոհվել էր Շուշիում, նրանք էլ փետրվարին հուղարկավորել էին։ Իսկ օրեր առաջ պարզվել էր, որ այդ նույն ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել էին իրենց որդու ամբողջական մարմինը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo