Պարզաբանում ԿԲ-ի կողմից. «Վարկս Էյ Էմ»-ի վարկառուների վճարումների և պարտավորությունների մասին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնական բանկը մարտի 24-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԲ խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան:Նշվեց, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ Իրավաբան.net-ը փորձեց տեղեկություն ստանալ Կենտրոնական բանկից՝ ճշտելու, արդյո՞ք պետք է այժմ «Վարկս Էյ ԷՄ»-ի վարկառուները կատարեն իրենց մուծումները, եթե այո՝ արդյո՞ք պետք է ամբողջությամբ մարել և ի՞նչ ժամկետներում:

Կենտրոնական բանկից մեզ հայտնեցին. «Նշված հարցերի մասով իրավասու է պատասխաններ ներկայացնել ստեղծվելիք լուծարային հանձնաժողովը»:

Նշենք, որ վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն: Այս օրենքի 74-րդ հոդվածով սահմանվում է, որ բանկի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է դատարանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում:

Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:

Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում բանկի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:Թարմացված.26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):

Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000, info@varks.am:

Ալիսա Չիլինգարյան Իրավաբան.net

(Visited 267 times, 1 visits today)