«Աղջկաս առաջարկով Նոր տարին տանը չենք դիմավորի». Լուիզա Ղամբարյանի և դստեր ամանորյա ֆոտոշարքը

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020-ի գալուն հաշված ժամեր են մնացել: Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Ամանորն ընտանիքի հետ դիմավորելու է Դիլիջանում: Այս որոշումը նրանք կայացրել են դստեր՝ 14-ամյա Գաբիի առաջարկով: Չնայած դերասանուհու ընտանիքին Ամանորի գիշերը տանը չի լինելու, նրանց տանը դեկտեմբերի սկզբից զարդարված էր տոնածառը: Դիլիջան մեկնելուց առաջ Լուիզան տոնական սեղան է պատրաստել իրենց տանը, որին դրել է չփչացող ուտեստներ՝ աղանդեր, քաղցրավենիք, գինի:

Մինչև Երևանից մեկնելը Լուիզան և դուստրը՝ Գաբին, Tert.am Life-ին հյուրընկալել են իրենց տանը, լուսանկարվել մեր տոնական ֆոտոշարքում և պատմել ինչպես Նոր տարվան պատրաստվելու, այնպես էլ իրենց հարաբերությունների մասին:

«Ամեն տարի նոր գույն ենք ընտրում տոնածառը զարդարելու համար: Գույները որոշում է Գաբին, քանի որ ավելի տեղեկացված է տարվա թրենդներից: Տոնական եղևնին, անպայման, միասին ենք զարդարում,- ասաց Լուիզան ու հավելեց, որ ամուսինը՝ Գեորգի Կիմիչը, չի մասնակցում այդ պատրաստություններին, բայց իրենք չեն նեղանում,- մեր հայրիկն այնքան հարցերի է մասնակցում, որ տոնածառ զարդարելուց զերծ մնալուց չենք դժգոհում»:

Գաբին էլ հավելեց, որ տոնածառը զարդարելուց հետո անհամբերությամբ սպասում են հայրիկի արձագանքին. «Մեզ ամենից շատ իր կարծիքն է հետաքրքրում, որովհետև մեր տան գլխավորն է: Վերջում գալիս է և տալիս իր գնահատականը: Հիմնականում գոհ է մնում: Այս տարի ասաց՝ վա՜յ, ինչ սիրուն եք զարդարել»:

Նոր տարին Դիլիջանում նշելու առաջարկը Գաբին է արել: Պարզվում է՝ նա չի սիրում տանը նշել Նոր տարին: «Փոքրուց սովոր եմ, որ Նոր տարուն տանը չենք լինում, երևի, 2 անգամ ենք տանը եղել: Նախորդ տարի տանն էինք, այս տարի հենց ես առաջարկեցի գնալ Դիլիջան»,- ասաց Գաբին, Լուիզան էլ հավելեց. «Սովորաբար, Գաբին շատ է սիրում տանը ժամանակ անցկացնել, հյուրեր ընդունել, ձգտում է շուտ գալ տուն, սակայն ինչ վերաբերում է Նոր տարուն, սիրում է դրսում նշել: Հետաքրքիր է, երևի, սովորություն է դարձել»:

Մայրիկն արդեն պատրաստել է աղջկա նվերը, Գաբին դեռ չի հասցրել նվեր պատրաստել: Նա նշեց, որ փոքր տարիքում իր ձեռքի աշխատանքներն էի նվիրում մայրիկին, հիմա գնումներ է անում: Փորձում է ընտրել այնպիսի իր, որը մայրիկին դուր կգա: «Մաման վստահում է իմ ճաշակին, ես էլ՝ իր»,- նկատեց Գաբին ու հավելեց, որ հագուստի ընտրության հարցում էլ միշտ խորհրդակցում են իրար հետ:

Լուիզան իր հարցազրույցներում միշտ նշում է, որ փորձում է ընկերուհի լինել 14-ամյա դստեր համար: Քանի որ զրույցին ներկա էր նաև աղջիկը, հետաքրքրվեցինք, թե մայրիկին որքանով է հաջողվում լինել իր ընկերուհին: Գաբին առանձնակի ջերմությամբ խոսեց իր և մայրիկի հարաբերությունների մասին:

«Մայրիկս իմ ամենամտերիմ ընկերուհին է ամբողջ աշխարհում՝ իմ ամենավստահելի մարդը: Թե՛ ուրախ, թե՛ տխուր դեպքերում նա առաջին մարդն է, ում պատմում եմ, թե ինձ հետ ինչ է եղել: Մաման խիստ է միայն այն ժամանակ, երբ ազդում եմ իր նյարդերի վրա»,- ծիծաղելով ասաց նա, մայրիկն էլ հավելեց, որ զայրանում է միայն այն ժամանակ, երբ կարող է ավելի շատ կարդալ, բայց ժամանակն անցկացնում ես համակարգչի առաջ: Գաբին նկատեց, որ իր տարիքի երեխաների համեմատ ինքը շատ է կարդում: Այս փաստարկին առարկել Լուիզան չկարողացավ, սակայն նշեց, որ աղջիկը կարող է ավելին: Լուիզան նաև նկատեց, որ դուստրը շատ կոկիկ ու կազմակերպված է, սակայն ինքն ամեն դեպքում ավելի պահանջկոտ է:

Դերասանուհին խոստովանեց, որ համացանցն իր դրական կողմերն էլ ունի. «Երբեմն զարմանում եմ, որ Գաբին գիտի տվյալ բանը,  պարզվում է՝ դա նույն համացանցի շնորհիվ է»:

Մայր ու աղջիկ սիրում են միասին ժամանակ անցկացնել, որևէ կինոպրեմիերա բաց չեն թողնում: Վերջին դիտած ֆիլմերին մայրիկին ամենից շատ տպավորել է «Ջոկերը», աղջկան՝ «Ֆրոզենը»: «Սա բնական տարբերություն է՝ հաշվի առնելով մեր տարիքային տարբերությունը: Ես հաճույքով դիտում եմ նաև իր տարիքի համար նախատեսված ֆիլմերը»,- ասաց Լուիզան, Գաբին էլ նկատեց, որ Դիսնեյի ֆիլմերը, մուլտֆիլմերը տարիք չեն ճանաչում:

2020-ից Լուիզայի սպասելիքներն անձնական տիրույթում կապված են ընտանիքի անդամների հետ: Գաբին այս տարի պետք է ընդունվի  Մոսկվայի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղ, որոշել է դիվանագետ դառնալ:

Աղբյուր՝ Tert.am Life

(Visited 603 times, 1 visits today)