Նոյեբերի 7- ն է, տղես, Շուշիում ես, ընկերներիդ հետ ես` դեմքդ քանի օր է չես լվացել․ տարեդարձի հուզիչ շնորհավորանք զինվոր որդուն

Լուսինե Հարոյանի շնորհավորանքը 44-օրյա պատերազմ անցած զինվոր որդուն\

Ծնունդդ շնորհավոր, Տղես…
Հիշու՞մ ես էս նկարդ, Տղես, որ ձախ կողմում է… ծննդյանդ օրն է` փետրվարի 23-ը. 3 տարեկան ես…
Ես էի իմ ձեռքով էդ սիրուն դեմքդ լվացել, սանրել արևագույն մազերդ…
Երկար նայել էի ջինջ, պոչավոր աչուկներիդ մեջ… համբուրել հազար ու ավել անգամներ…
Համբուրել ու կծել էի թուշիկներդ…
Նկարվելիս փափլիկ թաթիկովդ բռնել էիր ձեռքս ամուր-ամուր ու անհամբեր էիր, թե երբ պիտի գնանք քո սիրած «մաժոիկը» գնելու…
Աջ նկարում 19 տարեկան ես, Տղես, 2020 թվի նոյեբերի 7- ն է, Շուշիում ես, Ընկերներիդ հետ ես` դեմքդ քանի օր է չես լվացել, ժամանակ չունեիր ու երբեմն նույնիսկ ջուր չունեիր, արևաշող մազերդ հողի վրա քնելուց մգացել են, շորերդ ու սապոգներդ էլ 42 օր չես հանել…
Արդեն մեկ տարի ձեռքս չէիր բռնել, Տղես, իսկ ես չէի զգացել զինվորական համազգեստիդ ու ինձնից թաքցրած սիգարետիդ հոտի հետ միախառնված բույրդ…
Խամրած նկար է, պատկերացնում եմ. թե Ընկերդ ինչ հեռախոսով է նկարել կրակի մի քանի վայրկյան դադարի արանքում…

էն պաշտելի դիմագծերդ հազիվ են նշմարվում, իմ սիրած կանաչ աչուկներդ մութ-մութ են… բայց գիտեմ որ աչուկներդ մութ են ոչ թե չքնելուց ու արկերի կրակից, այլ` Ընկերներիդ ու Հայրենիքիդ կորստից ու դավաճանությունից…
Մի տեսակ էնքան մեծ ես աջ կողմի նկարում, Տղես…
Առաջին անգամ, երբ տեսա նկարդ, նույնիսկ սարսռացի, որ էսքան մեծացել ես…
Հա, Դու հիմա մեծ ես, Տղես, պիտի հաշտվեմ դրա հետ…
Պիտի հաշտվեմ, որ աչքերիդ ջինջ կանաչի խորքերում կորցրած ընկերներիդ ցավն է, անթիվ-անհամար զենքերից արձակված կրակի արտացոլանքը… Պիտի հաշտվեմ, որ հիմա քո հիշողության մեջ ամենահամով բանը մանկության անհոգ օրերիդ «մաժոիկը» չէ, այլ գիշերով Ընկերներիդ հասցրած հողաբույր բրդուճը…
Պիտի հաշտվեմ, որ իմ ձեռքն ամուր բռնող փափլիկ թաթիկներդ թշնամու վրա հազարավոր արկեր կրակած ու Ընկերներիդ կրակի տակից հանած Տղամարդու ձեռքեր են այլևս…
Չէ, Տղես, ես չեմ հաշտվում, ես շնորհակալ եմ Քեզ…
Շնորհակալ եմ, որ դու էսքան Մեծ ես…
Ու հիմա առավել քան երբևէ ես երջանիկ եմ, որ քո նման Տղա ունեմ:
Շնորհավոր օրհնյալ Ծնունդդ, իմ Մեծ Տղես…

Armlife.am կայքը միանում է շնորհավորանքին՝ խաղաղ երկինք զինվորին

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo