«Ամենօրյա աշխատանք պետք է տանես, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ». Նարինե Պետրոսյան

«Ամենօրյա աշխատանք պետք է տանես, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ». Նարինե Պետրոսյան

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանի և ամուսնու՝ Վահագնի ընտանիքը 13 տարեկան է: Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, հարաբերություններում միմյանց չձանձրացնելու իրենց տարբերակի և երեխաների մասին:

Նարինեի խոսքով՝ ամուսնության 13 տարին աննկատ են անցել: «Շատ ուրախ երջանիկ տարիներ էին թե՛ ընտանիքի կայացման, թե՛ երեխաների ծնունդների հետ կապված լավ պահեր են եղել:

Բարդ է ընտանիքն այսքան տարի ամուր հիմքերի վրա պահել, բայց երբ այդ ամենը սիրով ես անում, դրա մեջ նպատակ, իմաստ տեսնում, բարդությունը հաճույք է դառնում: Պետք է ընտանիքի սկիզբը ճիշտ լինի, երկուսով մեկ ուղղությամբ նայեք, ամեն ինչ անեք, որպեսզի ընտանիքը պահպանվի: Թեև դա երկուսի աշխատանք է, ընտանիքը հաջողություն է ունենում, երբ կինն այդ ամենում մեծ ցանկություն է ներդնում, կնոջից շատ բան է կախված:

Ընտանիքում հարգանքն ու սերը կշեռքի նժարների վրա են դրված. երբեմն հարգանքն է բարձրանում, երբեմն՝ սերը, ամեն ինչ իրավիճակից է կախված: Ամեն դեպքում, դրանք մեկը մյուսից են բխում, շարունակում են միմյանց»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իրենց ընտանիքում մեծ խնդիրներ չեն եղել: «Ուղղակի սկզբնական շրջանում սերը, երիտասարդությունը, կիրքը քո կյանքում այնքան են, որ կենցաղային փոքրիկ խնդիրներին ուշադրություն չես դարձնում:

Պետք է մտածես, որ դրանք փոքրիկ խնդիրներ են, այդ պահին հասկանաս՝ որքանո՞վ է այդ խնդիրը քո կյանքում կարևոր, համեմատես մեծ խնդիրների՝ առողջական, կյանքի ու մահվան հետ և վերաբերես փոքրիկ, ոչ թե մեծ խնդրի նման: Լարված իրավիճակում ապրել, ձգված հարաբերություններ ունենալ չեմ ուզում: Բոլորի մոտ էլ խնդիրներ լինում են, եթե քեզ դուր են գալիս վեճերը, ամիսներով միմյանցից հեռու ապրելը կամ այլ բան, կարող ես ամեն ինչից խնդիր ստեղծել:

Բայց եթե չես ուզում, որ քո կյանքում լարված, նյարդային մթնոլորտ լինի, ամեն ինչ միանգամից հարթում ես, քո գիտակցությունից է կախված, ինքդ ես որոշում՝ ապրե՞լ այդ խնդրով, թե՞ ուղղակի ուշադրություն չդարձնել ու մտածել՝ ամուսնուդ հետ կյանքն ինչպես վայելել, ինչպես չկենտրոնանալ բացասականի վրա»,- նշեց նա:

Նարինեն ընդգծեց, որ միմյանց չձանձրացնելը բարդ է, բայց երբ տարիների ընթացքում ընտանիքն ամրացնելու համար ամեն ինչ անում ես, դա ինչ-որ չափով հեշտանում է: «Ամենօրյա աշխատանք պետք է տանես, մտածես՝ ինչ անել, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ, տանն ու հարաբերություններում ձանձրույթի տխուր մթնոլորտ չլինի:

Արդեն գիտես, թե դիմացինիդ ինչ է դուր գալիս, ինչն է շոյում, այնպես անես, որ նրան հաճելի լինի: Եթե այս ամենը սիրով ես անում, հեշտանում է, ոչ ոք էլ չի ուզում գալ տուն ու բացասական լիցքեր ստանալ:

Երբ զգում եք, որ, ամեն դեպքում, ձանձրացրել եք միմյանց, կարելի է թեկուզ հանգստի մեկնել, դա ընտանիքն ամրացնում է: Եթե ամուսիններն ուզում են պահել ընտանիքը, իրավիճակը թարմացնելու, հարաբերություններում նորություն մտցնելու համար կփորձեն ուղի գտնել»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo