Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել

Սլավիկ Հայրապետյանը պատմում է.
«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել։ Ասեց` պետք է 3 անգամ կերակրել։ Ես էլ, թե` Ավո, կարո՞ղ է պատահի մի հատ էլ լողացնենք, ասեց` այ ճիշտ ես ասում, նաև լողացրու։ Նա չէր թողնում, որ որևէ մեկը գերիներին ձեռք տար։ Ասում էր` մարտի դաշտում թշնամի է, այստեղ` գերի, նրան ձեռք տալ չի կարելի»,- պատմեց Հայրապետյանը։
Այն ժամանակ Սլավիկ Հայրապետյանը Մարտունու միլպետն էր։ Տեսնելով, որ Մոնթեն ավտոմեքենա չունի` իր ծառայողական մեքենան ու վարորդին` Կոմիտասին տրամադրեց նրան։«Մարտունին ռմբակոծում էին, ասեցի` էրեխուս տանեմ հարևան գյուղ, Ավոյին խնդրեցի, որ ավտոն տա, ասեց` չէ, մեքենան բանակինն է։ Ես էլ բարկացած ասեցի` մեքենան իմն է, վարորդը իմն է։ Չէ՛, ջղայնացավ իրեն հատուկ 3 գոռոցով, բանակի՛նն է, պետք է բանակին ծառայի։ Անցավ մի քանի րոպե, Ավոն կանչեց`Սլավիկ, երեխեքը որ ոտքով քայլեն, առողջարար կըլլա»,-ժպիտով պատմեց մեր զրուցակիցը։Իրենց Ավոյի մասին նա բազմաթիվ պատմություններ ունի։ Չգիտե` որտեղից սկսել ու որտեղ ավարտել։
«Ես միլիցիայի տուլուպներ էի ստացել`տաք բաճկոններ, խնդրեցի, որ մի հատ էլ ավելի տան, որ տամ Ավոյին։ Ասեցի` նվեր եմ բերել, ջղայնացած վեր կացավ,թե` ես պետք չունեմ, շողոքորթություն չեմ սիրում, տար զինվորին տուր»
Պատահական չէ, որ Մոնթեն միշտ եղել է կարկատած հագուստով։ Նա նորը գերադասում էր տալ զինվորներին։
Այն հարցին, թե ինչ սովորություններ ուներ Մոնթեն, Հայրապետյանն անմիջապես պատասխանեց` խմել չէր սիրում։ Իրեն բնորոշ ձայնով ու բառերով ասել է` խմիչք օգտագործելն էշություն է։ Սլավիկ Հայրապետյանը պատմեց, որ «էշ»-ը Մոնթեի արտաբերած ամենավատ բառն էր։Մոնթեից հետո մեր զրուցակցի մոտ դատարկություն է, բայց նա ապրում է Ավոյի մասին հուշերով։ Ինչպես մեզ հետ զրույցում խոստովանեց, Մոնթեի մասին հուշերը զսպողական ուժ ունեն, նրան այսօր էլ ստիպում են ապրել ազնիվ ու համամարդկային արժեքներով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ